Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանյան 10 սթարթափերի ներկայացուցիչներ կմասնակցեն «StartupIstanbul» հեղինակավոր ֆորումին
05.10.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Արդեն հայտնի են Հայաստանը ներկայացնող այն 10 սթարթափերի անունները, որոնք բացառիկ հնարավորություն կունենան մեկնելու Ստամբուլ՝  2016 թ. հոկտեմբերի 6-10-ը տեղի ունենալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով, Հանրային լրագրության ակումբի /Հայաստան/  եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի /Թուրքիա/ ՝ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի միջոցով:   

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել են նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից  հայաստանյան 10-ը ընկերություններ: Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով

  1. Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր
  2. Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն
  3. LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ
  4. HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ
  5. Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար
  6. Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում
  7. HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք
  8. DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ
  9. FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված
  10. ArmNomads - խաղերի ծրագրավորում 

Հանրային լրագրության ակումբը «StartupIstanbul»-ին ընդառաջ մասնակիցների համար անցկացրել է հատուկ վարպետության դասեր՝ զարգացնելով նրանց հմտությունները բիզնես միջավայրում հմուտ բանակցություններ վարելու, ձեռնարկատերերի հետ կայուն գործարար կապեր հաստատելու, սթարթափը ներդրողներին գրավիչ ներկայացնելու վերաբերյալ: Առանձին դասընթաց է անցկացվել նաև միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ, ինչը ընթացքում մասնակիցները ծանոթացել են Թուրքիայի մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին և քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործընթացը և առկա խնդիրները:

 

«StartupIstanbul» ֆորումին մասնակցությունը եզակի հնարավորություն կլինի հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերությունների համար՝ վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, փորձառու մասնագետների ու մենթորների հետ հաղորդակցվելու եւ սեփական սթարթափը ներկայացնելու առումով:

 

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:

 

Հայաստանը ներկայացնող բոլոր սթարթափերը միջոցառման ընթացքում կմասնակցեն նաև Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով ոչ միայն սեփական ընկերությունը, այլ նաև Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը:

 

«Scycryptor» և «EarlyOne» սթարթափերն ընդգրկվել են լավագույն 100-ի ցանկում և հնարավորություն են ունենալու իրենց գաղափարներն անհատապես ներկայացնելու մենթորներին: Վերջիններիս կողմից լավագույն 50-ի մեջ ընդգրկվելու պարագայում սթարթափերն իրենց գաղափարները կներկայացնեն անմիջապես ներդրողներին, իսկ վերջիններիս կողմից լավագույն 15-ի մեջ ընդգրկվելու դեպքում համաժողովի բեմից հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնելու 4000-ից ավելի մասնակիցների և մամուլի առջև:

«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների և ոլորտի էնտուզիաստ սկսնակների (սթարթափեր) միջև:

 

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:


Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ ՀԼԱ-ն «StartupIstanbul»-ին ընդառաջ մասնակցեց «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո իրականացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեքին: Հանրային լրագրության ակումբի տաղավարը հնարավորություն ընձեռեց  սթարթափերին, միջոցառման հյուրերին, կազմակերպիչներին,  այցելուներին առցանց ուղիղ հեռարձակմամբ պատմելու իրենց նորարար նախագծերի, տպավորություների, իրենց ընկերությունների նորույթների ու տաղավարներում սպասվող անակնկալների մասին:

 

Հանրային լրագրության ակումբի տաղավարում ներկայացվեցին նաև «StartupIstanbul»-ի հայաստանյան պատվիրակությունում ներգրավված 5 սթարթափեր՝ «ArmNomads», «Fortune Cup», «HY PICTURES», «LiTech, «DressZone»:

 

 

Օրացույց
Սեպտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ