Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանը ներկայացնող տասը սթարթափ ընկերությունները կմասնակցեն «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին
05.10.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Հայաստանը ներկայացնող 10 ՏՀՏ սթարթափների ներկայացուցիչներ հնարավորություն կունենան Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ)՝ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի միջոցով մասնակցելու Թուրքիայում կայանալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին, որը կկայանա 2016թ. հոկտեմբերի 6-10 Ստամբուլում:

 

Այս տարի 135 պետություն ներկայացնող 24 646 սթարթափ ընկերություններ մասնակցության հայտ են ներկայացրել «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին, որոնցից միայն 500-ն են ընտրվել մասնակցության համար: Լավագույն 15 սթարթափների ներկայացուցիչները հնարավորություն կստանան բեմից ներկայացնելու իրենց գաղափարները միջոցառման 4000 հյուրերին: Ֆորումին մասնակցող 500 սթարթափներից 10 ընկերություններ կներկայացնեն Հայաստանը: Նրանց մասնակցությունը «StartupIstanbul»-ին հնարավոր է դարձել Հանրային լրագրության ակումբի եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մասը կազմող  «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում:

 

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին կներկայանա հետևյալ ընկերություններով.

 

Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր

Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն

LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ

HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ

Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար

Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում

HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք

DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ

FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված

ArmNomads - խաղերի ծրագրավորում

 

«StartupIstanbul»-ին ընդառաջ՝ Հանրային լրագրության ակումբը մասնակիցների համար անցկացրեց նախապատրաստական վարպետության դասընթացներ՝ նվիրված գաղափարների ներկայացման հմտությունների կատարելագործմանը, բիզնես բանակցություններին և միջմշակութային հաղորդակցության հմտությունների զագացմանը: Վերջին դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Թուրքիայի մշակութային, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին, քննարկեցին հայ-թուրքական հարաբերություններերի զարգացման գործընթացը եւ առկա խնդիրները:

 

«StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումը յուրօրինակ հնարավորություն է ընձեռում հայկական նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին կապեր հաստատելու վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, ոլորտի առաջատար եւ փորձառու մասնագետների հետ, ինչպես նաեւ սեփական սթարթափ արտադրանքը ներկայացնելու համար:

Տարածաշրջանում առաջատար համարվող «StartupIstanbul» ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հրեշտակ ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների եւ առաջատար սթարթափների մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ միջոցառում է, որտեղ տարբեր երկրների սթարթափ ընկերություններ հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ դրանց վերաբերյալ եւ հաստատել գործարար կապեր ներդրողների հետ: 

 

Ֆորումին մասնակցող յուրաքանչյուր հայաստանյան սթարթափ ընկերություն կունենա իր տաղավարը, որտեղ ոչ միայն կցուցադրվի նրանց արտադրանքը, այլ նաեւ կներկայացվի Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը:

   

Հայաստանից երկու սթարթափներ՝ «Skycryptor»-ն ու «Earlyone»-ը, ընդգրկվեցին լավագույն հարյուրակում՝ հնարավորություն ստանալով ներկայացնել իրենց գաղափարները միջոցառման մենթորներին:  Ընտրվելուց հետո, լավագույն 100-ի ցանկից 50 սթարթափ ընկերություններ հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներին: Այնուհետեւ, լավագույն 15 սթարթափների շարքում ընդգրկվելու դեպքում, նրանք կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը կկայանա հոկտեմբերի 10-ին, Ստամբուլի «Volkswagen Arena»-ի դահլիճում:

 

Հանրային լրագրության ակումբը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ, նաեւ մասնակցել է 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին (DigiTec Expo), որը կայացավ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո: Միջոցառման ընթացքում Հանրային լրագրության ակումբի տաղավարում սթարթափ ընկերությունների ներկայացուցիչներին, միջոցառման հյուրերին, կազմակերպիչներին եւ մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել ուղիղ եթերում ներկայացնել իրենց նորարական նախագծերը, կիսել իրենց տպավորությունները, ինչպես նաեւ իրենց ընկերությունների նորությունները:

        

Հանրային լրագրության ակումբի տաղավարը հյուրընկալել էր նաեւ «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցող հայկական պատվիրակության մեջ ընդգրկված հինգ սթարթափների՝ «ArmNomads»-ի, «Fortune Cup»-ի, «HY PICTURES»-ի, «LiTech»-ի եւ «DressZone»-ի, ներկայացուցիչներին:

 

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր