Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Ձեռներեցների փոխայցելություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը կշարունակեն իրականացնել «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը:


Նպատակ ունենալով խթանել ՏՀՏ ոլորտում Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցությունը՝ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ, Թուրքիա) «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կշարունակեն իրականացնել «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը:

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլում ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը իրականացրել են Հայաստանի և Թուրքիայի միջև ամենամեծ փոխանակման նախաձեռնությունը՝ ներգրավելով ոլորտի 90 ձեռներեցների, ներդրողների և էնտուզիաստ սթարթափերի: Նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» նորարար գաղափարների մրցույթում երկու երկրներից ներգրավվել էին արդեն իսկ 27 սթարթափեր: Միջոցառումն իրականացվել էր 300-ից ավել մասնակիցներ ունեցող «Իննո Ուիքենդ» ֆորումի շրջանակներում:

Ծրագրի առաջին փուլի ընթացքում կազմակերպվել են նաև կլոր-սեղան քննարկումներ, ճանաչողական փոխայցելություններ, ինչպես նաև՝ Հայաստանի և Թուրքիայի սթարթափ թիմերին շնորհվել են մրցանակներ:

Հաշվի առնելով ծրագրի աննախադեպ բնույթն ու ազդեցությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը առաջարկեց տրամադրել ավելի երկարաժամկետ աջակցություն սթարթափերին, ինչի շնորհիվ Հայաստանի և Թուրքիայի 6 սթարթափ թիմեր ներգրավվեցին վեցամսյա կարողությունների զարգացման ծրագրում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորած մեկ այլ՝ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծիշրջանակներում ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից Անկարայում մասնակցեցին տեխնոլոգիայի կիրառմամբ նորարար գաղափարների առաջարկման և իրականացման հիմնական փուլերին վերաբերող քառօրյա դասընացին: Դասընթացին հաջորդող փուլում ամենաակտիվ թիմերը հնարավորություն ունեցան մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով լրամշակելու իրենց գաղափարները և այնուհետև դրանք ներկայացնելու փորձագետներին:

Հիմնվելով նախորդ փուլի արդյունքների և քաղված դասերի վրա՝ ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը ծրագրի երկրորդ փուլի ընթացքում կիրականացնեն հետևյալ գործողությունները՝

Ա. Առաջին անգամ հայկական սթարթափերը կմասնակցեն «Start-up Istanbul» տարածաշրջանային ֆորումին:

Առաջին անգամ հայկական սթարթափ էկոհամակարգի ներկայացուցիչները բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը «հրեշտակ» ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնելու իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից և ներդրողներից ստանալու խորհուրդներ և հաստատելու գործարար կապեր:

Այս տարի Հայաստանի ՏՀՏ ոլորտի առնվազն 10 լավագույն սթարթափեր և փորձագետներ, ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների և 50 բանախոսների, նույնպես կլինեն Ստամբուլում՝ մասնակցելու երկօրյա մենթորության դասընթացին, ներկայացնելու իրենց սթարթափ գաղափարները, փորձագետների և ներդրողների հետ փոխանակվելու մասնագիտական հմտություններով և գաղափարներով:

Հայաստանի պատվիրակության անդամները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց ձեռքբերումները միջոցառման առանձին տաղավարներում: Իսկ Հանրային լրագրության ակումբի պատրաստած առանձին տաղավարը կներկայացնի Հայաստանի ՏՀՏ ոլորտը և սթարթափ էկոհամակարգը:

Ընդհանուր առմամբ, հայաստանյան սթարթափերի մասնակցությունը մեծ հնարավորություն կտա ներկայացնելու հայկական սթարթափերի ներուժը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի միջև համագործակցությունը:

Նախքան «Start-up Istanbul»-ի մեկնարկը Հանրային լրագրության ակումբը կընտրի մրցույթին մասնակցած 10 լավագույն սթարթափերի և նրանց կնախապատրաստի միջոցառմանը մասնակցելուն:

Բ. ԹուրքիայիՏՀՏոլորտիներկայացուցիչներըկայցելենՀայաստան՝հայկականսթարթափէկոհամակարգինծանոթանալունպատակով:

Թուրքիայի ՏՀՏ ոլորտի մի խումբ առաջատար ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան և կծանոթանան երկրի ՏՀՏ ոլորտի զարգացումներին և ձեռքբերումներին` մասնակցելով տեղի ՏՏ ոլորտի էքսպո-ցուցահանդեսներին, աշխատանքային հանդիպումներին և կոնֆերանսներին:

Այցի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի ՏՀՏ գերազանցության կենտրոններ և կազմակերպություններ, որոնց շրջանակներում նրանց կներկայացվի կազմակերպությունների գործունեությունը, սթարթափերի հաջողության պատմությունները և այլն: Նախատեսվում է Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների այցը կազմակերպել Հայաստանում կայանալիք որևէ մեծ ՏՏ ոլորտի էքսպո-ցուցահանդեսին զուգահեռ, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան տեղում կապեր հաստատելու Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ և ծանոթանալու նրանց առաջարկած տեխնոլոգիական լուծումներին:

⁃ Աշխատանքային հանդիպում «Հրեշտակային» ներդրումների վերաբերյալ

Թուրքիայի ՏՀՏ ոլորտի մասնակիցների այցի ընթացքում կկազմակերպվի նաև առանձին սեմինար, որտեղ Միացյալ նահանգներից և Թուրքիայից հրավիրված «հրեշտակ» ներդրողները (angel investors) Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներին կներկայացնեն «հրեշտակային» ներդրումների թուրքական և միջազգային լավագույն փորձը, իսկ հայկական ՏՀՏ ոլորտի ներկայաչուցիչները տեղեկատվություն կտրամադրեն Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներդրումային միջավայրի վերաբերյալ:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր