Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում
28.04.2017
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ 2017թ.-ի մայիսի 2-ին կանցկացնեն Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում, որի նպատակն է Հայաստանում եւ Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը:
 
ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է. «Հրեշտակ ներդրողները՝ այն մեծահարուստ անհատներն, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում:   


Այնուամենայնիվ, շատ հրեշտակ ներդրողների պարզապես չեն հանրայնացնում իրենց գործունեությունը և նրանց հետ կապ հաստատելը նման պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Դա վերաբերում է նաև Հայասատանին: Մեր նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն է ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկների ներդրողների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»: 
 
Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում

Իր տեսակով բացառիկ այս միջոցառումը միտված է նպաստել Հայաստանում  ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ձեռներեցների եւ հրեշտակ ներդրողների միջեւ կապերի ստեղծմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ եւ շահավետ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը: 

Հայաստանից հրավիրված ներդրումներով հետաքրքրված գործարարները, ՏՀՏ եվ բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին, եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:
 
ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ընդգծում է. «Երբ 3 տարի առաջ մեկնարկեցինք այս ծրագիրը մենք սկսեցինք Ձեռներեցների փոխայցելություններ նախագծով, որովհետև մենք կարծում ենք, որ առողջ սթարթափ էկոհամակարգ ունենալու գրավականը հաջողակ և վերապատրաստված ձեռներեցներն են: 3 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաջողությամբ իրականացված փոխայցելությունների  արդյունքում մենք հասկացանք, որ ժամանակն է կենտրոնանալ էկոհամակարգի այլ շահառուների վրա և մշակել ծրագիր հրեշտակ ներդրողների համար: «Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով առաջին նախաձեռնությունը հիմք կդնի միասնական հրեշտակ ներդրողների ցանցի ստեղծմանը՝ ձեռներեցներին և մշակման տարբեր փուլերում գտնվող նոր գաղափարներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ներդրողների հետ միասին ապահովելով ուժերի բարենպաստ հավասարակշռություն եւ ընդլայնելով բավարար միջոցներ մրցակիցներին դիմակայելու համար»: 

Միջոցառման հյուրերից է նաեւ լրագրող Մոնթի Մանֆորդը, ով իր հայաստանյան այցի մասին նյութ է պատրաստելու հեղինակավոր «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի համար:
 
Միջոցառման հյուրերը

Միջազգային փորձի ներդրման և հարաբերությունների հաստատման նպատակով իրենց փորձը հայաստանյան գործընկերների հետ կկիսեն  Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը, ինչպես նաև Ստամբուլում գործող «Do Consultancy» ՍՊԸ-ի հիմնադիր Դույգու Օկթեմը:
 
Վերջիններս նաեւ հետաքրքրված են բացահայտել Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները եւ մասնավորապես ՏՀՏ ոլորտի զարգացումները: Այս նպատակով նրանք մայիսի 1-3-ը մի շարք հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ:

Բացման արարողություն

Հանդիպումը կմեկնարկի 10:00-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում (Ազատության պող. 2/2 շենք): Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան նախաձեռնության հեղինակներ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը և «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն:

Բացման արարողության պատվավոր հյուրերն են` Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: 

Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման բացման պաշտոնական արարողությանը կարող եք հետևել ՀԼԱ ֆեյսբուքյան էջով:
 
Ներդրումային հնարավորությունները Հայաստանում և Թուրքիայումքննարկում

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի կունենա քննարկում՝ նվիրված երկու երկրների ՏՀՏ ոլորտներում ներդրումային հեռանկարներին և սթարթափ էկոհամակարգերին:  

Հայաստանից որպես բանախոսներ հանդես կգա Բագրատ Ենգիբարյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն և  Մեթ Բարթելզյանը՝ ՎՕԼՕ ընկերության բիզնեսի զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն: 

Թուրքիայից որպես բանախոսներ հանդես կգա Ջանսու Սարաջը՝ ՏԵՊԱՎ-ի քաղաքական վերլուծաբան:

Միջոցառման մասնակցությունը հրավերով է: Լրատվամիջոցների համար միջոցառումը բաց է: 

Հանդիպում ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ

Մայիսի 2-ին 17:30-ին հիմնական միջոցառումից զատ տեղի կունենա մեկ ժամ տևողությամբ «Հանդիպում ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ»:
 
Հայաստանյան սթարթափ ընկերություններին եզակի հնարավորություն կտրվի հանդիպելու Սիլիկոնյան հովտից, Գերմանիայից և Թուրքիայից ժամանած փորձառու հրեշտակ ներդրողներին, վերջիններիս ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ ներդրումներ ներգրավելու և հաջող գործունեություն իրականացնելու վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ ներդրողներից, հաստատել կապեր, ինչպես նաև ներկայացնել իրենց սթարթափը:

Ներդրողների հետ հանդիպման մուտքն ազատ է ՏՀՏ ոլորտի բոլոր սթարթափ ընկերությունների համար:

 ***

ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ հանդիպմանը մասնակցելու մանրամասների համար, ինչպես նաև մեդիա ներկայացուցիչները հարցազրույցներ անցկացնելու ևհավելյալ տեղեկությունների համար կարող են դիմել ՀԼԱ հայ-թուրքական ծրագրերի համակարգող Գոհար Աքելյանին՝ հեռ. +37494515585, էլ.փոստ [email protected] կամ ՀԼԱ Մեդիա կենտրոն նախագծի խմբագիր-համակարգող Լիլիթ Առաքելյանին՝ հեռ. +37455190708, էլ.փոստ [email protected]:
 
Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
 
Հանրային լրագրության ակումբ  

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:


 
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
 
Էնջել լաբս
«Էնջել լաբս»-ն իր գործունեության առաջին իսկ ծրագրից սկսած պատրաստել է գալիք սերնդի հազարավոր հրեշտակ ներդրողների, վենչուրային կապիտալներ և սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերներություններ (VCs & LPs) և ընդլայնվել է ավելի քան 40 երկրում: Ամեն ամիս հրեշտակ ներդրողների լաբորատորիան ոլորտին ուղղված զանազան ծրագրեր է իրականացնում ավելի շատ երկրներում, քան աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ աքսելերատոր: Բոլոր ծրագրերն իրականացվում են այնպիսի միջազգային կենտրոններում, որոնցում ծրագրային փաթեթներն ապահովված կլինեն ռեսուրսներով, լավագույն մենթորներով, համաներդրողներով, ռազմավարական գործընկերներով և պոտենցիալ ներդրումներով:

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր