ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հուլիսի 12-ին Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նախագծերի զարգացման աշխատաժողովի պաշտոնական ժյուրին հայտարարեց հաղթող ճանաչված երկու նախագծերը՝ Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը», որն արժանացավ 5000 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակին և Առնո Խայաջանյանի և Նեֆես Փոլաթի «Բարի գալուստ Անատոլիա», որին սահմանվեց 7500 եվրո արժողությամբ մրցանակ:
ՀԹԿՊ-ի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ Երևանում, հուլիսի 11-12, Երևանի «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովում մասնակցելու համար ընտրվել էին 10 նախագիծ՝ 5-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից:
Բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցան ֆիլմերի դիտումներ, մասնագիտացված դասընթացներ և հանդիպումներ, որոնք իրականացրեցին Բելգիացի լուսանկարիրչ և կինոռեժիսոր Պիտեր-Յան Դը Պյուն և հայ դերասանուհի և կինոբեմադրիչ Մարիանա Եղիազարյանը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց նախագծերը և հնարավորություն ունեցան անհատապես քննարկելու դրանք ժյուրիի անդամների հետ՝ լսելու համար նրանց ավելի խոր գնահատականն ու դիտողությունները:
Ժյուրիի անդամներն Էին՝ Չիգդեմ Մաթերը Թուրքիայի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպությունից, պրոդյուսեր և վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը ՝Թուրքիայից, ֆիլմերի խմբագիր Չիչեկ Կահրամանը՝ ևս Թուրքիայից, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հիմնադիր և տնօրեն Գագա Չխեիդձեն `Վրաստանից, ռեժիսոր, պրոդյուսեր և Երկիր Մեդիա հեռուստաընկերության քաղաքական բաժնի վարիչ Գեղամ Մանուկյանը, ՍիվիլՆեթ ընկերության վիդեո արտադրության մենեջեր Սեդա Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի՝ մշակութային և կրթական բաժնի մասնագետ Հասմիկ Միքայելյանը և կինոքննադատ, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 20 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:
ՀԹԿՊ 2016 Երևանի աշխատաժողովը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ Դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Եվրոպական միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |