Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Մամլո հաղորդագրություն. «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկ
29.08.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից իրականացվող «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը, որի առանցքում է արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: Բաց մրցույթի միջոցով նախագծին մասնակցելու համար Հայաստանից ընտրվել է նկարիչ Գագիկ Չարչյանի ղեկավարած 4 երիտասարդ նկարիչների խումբը, իսկ Թուրքիայի 4 մասնակցից բաղկացած խմբի ղեկավարն է Սերդար Յըլմազը:

Ծրագրի մեկնարկը կտրվի Երևանում՝ Ականաթ ցուցասրահ-սրճարանում  (հասցե՝ Երեւան, Եզնիկ Կողբացի 28, սեպտեմբերի 1-ին, ժամը  17:00): Նախագծի մեկնարկի արարողությանը զուգընթաց կբացվի նաև մասնակից երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:  Նախագծի առաջին երկու օրերի ընթացքում մասնակիցները կայցելեն Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև ճարտարապետական շեշտադրումով շրջայց կկատարեն Երևանում՝ այսպիսով նախապատրաստվելով «Երևանն ու երևանցիները» թեմայով բաց արվեստանոցին: Նախագծում ներառված են նաև այցելություններ Գառնիի տաճար և Գեղարդի վանական համալիր, ինչպես նաև Գյումրի:

 

Հայաստանցի նկարիչներ Արման Գրիգորյանն ու Կարեն Բարսեղյանը, արվեստագետ Վահրամ Աղասյանը, Արտ Լաբ ստուդիայի նկարիչները վարպետաց դասեր կանցկացնեն նախագծի մասնակիցների համար, իսկ Թուրքիայից ժամանած Սերդար Յըլմազի վարպետաց դասը տեղի կունենա Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00:

Ծրագրի վեցերորդ օրը երկու խմբերը միասին կնկարազարդեն Երևանի պատերից որևէ մեկը՝ կիրառելով «փողոցային արվեստի» մոտեցումներն ու տեխնոլոգիաները՝ ըստ նախօրոք հանձնարարված «Երկխոսություն արվեստի լեզվով» թեմայի: Այս միջոցառմամբ ամփոփվելու է ծրագրի պաշտոնական մասը, սակայն մասնակիցներին նաև հնարավորություն կտրվի կլոր սեղանի շուրջ ամփոփել 7-օրյա այցի տպավորությունները:   

 

Նախագծի առաջին՝ հայաստանյան փուլը կավարտվի սեպտեմբերի 7-ին, որին կհաջորդի հայաստանյան խմբի այցը Թուրքիա սեպտեմբերի վերջին: Նախագծի երկու փուլում էլ ներառված են  ցուցահանդեսներ, ինտերակտիվ գործնական հանդիպումներ, վարպետության դասընթացներ, համատեղ բացօթյա արվեստանոցներ հանրային վայրերում: Բացօթյա արվեստանոցները տեղի կունենան բանուկ հանրային վայրերում, որտեղ մասնակից նկարիչների աշխատանքին կհետևեն անցորդները: Նախագծի մասնակիցները կայցելեն արվեստի դպրոցներ,   ինչպես նաև թանգարաններ և պատկերասրահներ Հայաստանում և Թուրքիայում: Կկազմակերպվեն նաև քննարկումներ ժամանակակից արվեստում առկա միտումների, խնդիրների և միջավայրի վերաբերյալ:  

 

Բացօթյա արվեստանոցների ընթացքում արված նկարները տեղ կգտնեն 2015թ. օրացույցում:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր