

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Նախագծին Հայաստանից և Թուրքիայից մասնակցում է 8 երիտասարդ նկարիչ՝ դասախոս-նկարիչներ Սերդար Յըլմազի (Թուրքիա) և Հայաստանից՝ Գագիկ Չարչյանի (Հայաստան) ղեկավարությամբ:
Նախագծի մեկնարկը տրվեց Հայաստանի և Թուրքիայի մասնակից նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացմամբ, որը կգործի մինչև նախագծի ավարտը՝ սեպտեմբերի 8-ը, Ականաթ գրադարան-սրճարանում (հասցե՝ Երևան, Եզնիկ Կողբացի 28):
Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը ներկայացրեց նախագիծը եւ հյուրերին: Սեդա Մուրադյանն ընդգծեց, որ «Ցանկացած երկիր իր մշակույթի արդյունքն է, որովհետև առանց մշակույթի երկիրն ընդամենը աշխարհագրական տարածք է: Որպեսզի մեր երկու երկրները երկու հասարակությունների համար չլինեն լոկ աշխարհագրական տարածքներ, որոնք բաժանված են փակ սահմաններով, Հանրային լրագրության ակումբը և մեր գործընկեր Անատոլու Քյուլթյուր կազմակերպությունը նախաձեռնել են «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը»:
Նկարիչներ Գագիկ Չարչյանը եւ Սերդար Յըլմազը հանրությանը ներկայացրեցին երիտասարդ նկարիչներին ու համատեղ ցուցահանդեսը:
Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը` նշելով, որ երկու երկրների երկխոսության խթանման լավագույն միջոցներից մեկը մշակույթն է, քանի որ արվեստը խոսում է համամարդակային լեզվով. «Հաշտեցումը հնարավոր է ի հեճուկս փակ սահմանների»:
Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ Գագիկ Չարչյանն ասաց. «Կարևորում եմ տարբեր երկրների արվեստագետների անմիջական, չմիջնորդավորված հարաբերությունները` մշակութային ոլորտում ունիվերսալ գաղափարների որոնման ու ձևակերպման նպատակով: Այդ շփումները կարող են միտված լինել գերգաղափարներից ազատ մտքեր արտադրելուն և նոր կենսամիջավայրեր ստեղծելուն:» Համաձայնելով իր գործընկերոջ հետ՝ Սերդար Յըլմազն ավելացրեց . «Արվեստն է այն լեզուն, որի միջոցով մենք իրավամբ հասկանում ենք միմյանց և ներկայացնում ինքներս մեզ: Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչների միջև շփումները ինձ շատ են ոգևորում: Հույս ունեմ, որ արդյունքում կստեղծվեն սերտ կապեր, որոնք կվերաճեն մշտական երկխոսության և կօգնեն բացել դեռևս փակ սահմանները:»
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |