ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Մի խումբ ճարտարապետներ, վերականգնողական աշխատանքների մասնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Հայաստանից և Թուրքիայից՝ Նորվեգական մշակութային ժառանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (ՆԻԿՈՒ) ղեկավարի մասնակցությամբ, այցելեցին Մուշի նահանգ և քաղաք Մուշ` հայկական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու և հայկական հուշարձանները գնահատելու համար:
Այցի հիմնական նպատակն էր համատեղ ուսումնասիրության ենթարկել հայկական հուշարձանները Թուրքիայի արևելյան հատվածում և դրանց հետագա պահպանման և վերականգնման վերաբերյալ առաջարկություններ մշակել:
Տասներկու փորձագետներ վեց օր անցկացրեցին Մուշի նահանգում հոկտեմբերի 20-ից 25–ը՝ այցելելով մոտ երկու տասնյակ հայկական հուշարձաններ Մուշում, Մանազկերտում, Վարթոյում, Նոր շենում և այլ վայրերում՝ ուսումնասիրելով վանքեր, եկեղեցիներ (այդ թվում մզկիթների վերածված եկեղեցիներ), ամրոցներ, կամուրջներ, շատրվաններ, ջրաղացներ և բաղնիքներ։
Ուսումնասիրության արդյունքները կտպագրվեն Անկարայում՝ Նորվեգիայի դեսպանատան աջակցությամբ և զեկույցի տեսքով կներկայացվեն հանրությանը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Անմիջապես ուսումնասիրություններից հետո՝ հոկտեմբերի 26-ին, նախատեսված էր անցկացնել արդյունքները ամփոփող քննարկում:
Մուշում ուսումնասիրության այցը կազմակերպվել էր Հայաստանի Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Թուրքիայի Անադոլու Քյուլթյուր կազմակերպության ջանքերով՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |