ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Սեպտեմբերի 17-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կանցկացնի գաղափարների ներկայացման (pitching) հատուկ նախապատրաստական դասընթաց Հայաստանի ՏՀՏ ոլորտը ներկայացնող այն 10 սթարթափերի ներկայացուցիչների համար, ովքեր ՀԼԱ-ի կողմից ընտրվել են՝ մասնակցելու հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում կայանալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին:
Դասընթացը կվարի Start-up Support Foundation-ի համահիմնադիր Նարեկ Մանասերյանը, ով անհատապես կաշխատի մասնակիցներից յուրաքանչյուրի հետ՝ զարգացնելով գաղափարներ ներկայացնելու հմտությունները, քննարկելով գաղափարների ներկայացման հաջողված օրինակները և օգնելով սթարթափերի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց գաղափարները հնարավորինս ստեղծագործ և ինտերակտիվ ձևաչափով:
Դասընթացի մասնակիցները հրավիրված փորձագետների խմբին դասընթացի վերջում կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները և կստանան համապատասխան մասնագտական դիտարկումներ: Խմբի կազմում ընդգրկված են Նարեկ Մանասերյանը (Start-up Support Foundation), Պավել Սնխչյանը (HelpSystems Armenia), Աշոտ Արզումանյանը (Granatus Ventures*) և Վալերիա Արզանգուլյանը (Granatus Ventures):
Հայաստանից «StartupIstanbul»-ին մասնակցել պատրաստվող թիմում ընդգրկված սթարթափերը ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ խաղերի ծրագրավորում, «խելացի» տան կառավարման համակարգեր, օգտատերերի տվյալների անվտանգություն և այլն:
ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանը ներկայացնող այս սթարթափերը, ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 4000 մասնակիցների և 50 բանախոսների, բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու հեղինակավոր միջոցառման բոլոր փուլերին և գործարար կապեր հաստատելու շուրջ 500 ներդրողների, վենչուրային կապիտալիստների եւ հրեշտակ ներդրողների հետ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:
Հայաստանը ներկայացնող սթարթափերը միջոցառման ընթացքում կմասնակցեն նաև Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով ոչ միայն սեփական ընկերությունը, այլ նաև՝ Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |