ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Սեպտեմբերի 17-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կանցկացնի գաղափարների ներկայացման (pitching) հատուկ նախապատրաստական դասընթաց Հայաստանյան այն 10 սթարթափերի ներկայացուցիչների համար, ովքեր ՀԼԱ-ի կողմից ընտրվել են՝ մասնակցելու հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում կայանալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Դասընթացը կվարի Start-up Support Foundation-ի համահիմնադիր Նարեկ Մանասերյանը, ով անհատապես կաշխատի մասնակիցներից յուրաքանչյուրի հետ՝ զարգացնելով գաղափարներ ներկայացնելու հմտությունները, քննարկելով գաղափարների ներկայացման հաջողված օրինակները և օգնելով սթարթափերի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց գաղափարները հնարավորինս ստեղծագործ և ինտերակտիվ ձևաչափով:
Դասընթացի մասնակիցները հրավիրված փորձագետների խմբին դասընթացի վերջում կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները և կստանան համապատասխան մասնագտական դիտարկումներ: Խմբի կազմում ընդգրկված են Նարեկ Մանասերյանը (Start-up Support Foundation համահիմնադիր), Պավել Սնխչյանը (HelpSystems Armenia-ի գլխավոր տնօրեն), Աշոտ Արզումանյանը (Granatus Ventures-ի Associate & Compliance Officer) և Վալերիա Արզանգուլյանը (Granatus Ventures-ի ֆինանսական վերլուծաբան):
Հայաստանյան պատվիրակության անդամները ներկայացնում են տարբեր սթարթափ նախագծեր. խաղերի ծրագրավորում, «խելացի» տան կառավարման համակարգեր, օգտատերերի տվյալների անվտանգություն, հերթագրման ավտոմատացված համակարգեր և այլն:
Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը, իսկ նրանցից լավագույն 15-ը հնարավորություն կունենան բեմից ելույթ ունենալ 4000-ից ավելի մասնակից ունեցող լասարանի առջև: Այդ 500 սթարթափերի շարքում են նաեւ Հայաստանյան 10-ը ընկերությունները, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի համակարգմամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |