ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հուսեյն Հայաթսեվերը կարևորեց այն փաստը, որ «Մեդիա ավտոբուսի» շնորհիվ ինքը ոչ թե երրորդ անձանց միջոցով, այլ հենց անմիջական շփումների միջոցով հասկացավ, թե ինչ են մտածում հայաստանցի լրագրողները հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Համատեղ շրջագայության, ինչպես նաև հարևան երկրների մասին իրենց կարծիքներն ու տպավորությունները փոխանցեցին նաև նախագծի կազմակերպիչ Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, Հանրային Ռադիոյի լրագրող Մերի Մուսինյանը և Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը ներկայացրեց «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում երրորդ ավտոբուսային շրջագայության մանրամասները` նշելով, որ այս նախագծի շրջանակներում արդեն ստեղծվել է 30-40 հոգանոց Հայաստանի և Թուրքիայի լրագրողներինց կազմված խումբ, որոնք մասնագիտական ու մարդկային կապեր են հաստատել: «Երրորդ նախագծի անդամներն արևմտյան Թուրքիա կատարած այցելությունից հետո արդեն Երևանում են: Ծրագրի՝ այցելությունների փուլի ավարտից հետո, հուսով եմ, խմբի անդամները կշարունակեն շփվել և առավելագույնը կօգտագործեն այս ընկերությունն ու կապն իրենց մասնագիտական գործունեության մեջ», - հայտարարեց Վազգեն Կարապետյանը:
Մերի Մուսինյանի խոսքով` այցելության ընթացքում իրենք շատ հետաքրքիր և զարմացնող Թուրքիա են տեսել, իսկ Հայաստանում ավտոբուսից իջնելիս միմյանց մասին ունեին շատ ավելի ճիշտ պատկերացումներ, քան մինչ այդ:
«Քանի որ մենք չունենք պաշտոնական հարաբերություններ, մեզ հետաքրքիր է` ինչպես են մարդիկ մտածում, ու ինչ հնարավորություններ կան ի դեմս նրանց այդ հարաբերություները կարգավորելու համար», - նշեց Մերի Մուսինյանը` հավելելով, որ մտադիր է իր ունկնդիրներին ցույց տալ Հայաստանի ու Թուրքիայի լրագրողների միջև կայացած երկխոսությունը:
Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի մասին ինչ են ուզում կարդալ Թուրքիայի քաղաքացիներն, ասաց. «Մեր ընթերցողը Հայաստանի մասին հոդվածներ ցանկանում է կարդալ, հատկապես, երբ Թուրքիայի վարչապետը կամ նախագահը խոսում են դրա մասին… Հայաստանի թեման ավելի շատ խմբագրական տիրույթում է, և անդրադառնում են, երբ կա դրա անհրաժեշտությունը»:
Իր խոսքում Մերի Մուսինյանը նշեց. «Ես չգիտեմ` քաղաքական գործիչները երբ կբացեն սահմանները, բայց գիտեմ, որ ի դեմս մեզ` առաջադեմ և ազատախոս մարդկանց, այդ սահմանը կբացվի մեր մտքերում. մենք կջարդենք մեր մտքում այդ պատը»:
Հուսեյին Հայաթսեվերի դիտարկմամբ` եթե քաղաքական գործիչները քայլ չկատարեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, ապա լրագրողների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ կլինեն: «Ո´չ ուզում եմ նսեմացնել, ո´չ էլ ուռճացնել լրագրողների դերը: Մենք շատ անելիք ունենք, և նախևառաջ այն լեզուն, որով մենք գրում ենք, չպետք է տարածի ատելություն», - ասաց Հուսեյին Հայաթսեվերը:
Օսման Ունալանը կոչ արեց Հայաստանի ու Թուրքիայի լրագրողներին ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին կտրվել բացասական մտածելակերպից, որպեսզի հնարավոր լինի լուծել երկու հասարակությունների միջև եղած խնդիրը:
Իսկ Հուսեյին Հայաթսեվերը վստահ է, որ մեր աշխարհագրական տարածաշրջանը լի է ցավերով, որոնց վերջ դնելու համար պետք է ունենալ ցավերի չափին հավասար մարդկային արժեքներ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |