ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Մի խումբ ճարտարապետներ, վերականգնողական աշխատանքների մասնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Հայաստանից և Թուրքիայից՝ Նորվեգական մշակութային ժառանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (ՆԻԿՈՒ) ղեկավարի մասնակցությամբ, այցելեցին Մուշի նահանգ և քաղաք Մուշ ուսումնասիրելու հայկական մշակութային ժառանգությունը և գնահատելու հայկական հուշարձանները։
Այցի հիմնական նպատակն էր համատեղ ուսումնասիրության ենթարկել հայկական հուշարձանները Թուրքիայի արևելյան հատվածում՝ հանդես գալով առաջարկություններով դրանց հետագա պահպանման և վերականգնման նպատակով։
Տասներկու փորձագետներ վեց օր անցկացրեցին Մուշի նահանգում հոկտեմբերի 20-ից 25–ը՝ այցելելով մոտ երկու տասնյակ հայկական հուշարձաններ Մուշում, Մանազկերտում, Վարթոյում, Նորշենում և այլ վայրերում՝ ուսումնասիրելով վանքեր, եկեղեցիներ (այդ թվում մզկիթների վերածված եկեղեցիներ), ամրոցներ, կամուրջներ, շատրվաններ, ջրաղացներ և բաղնիքներ։
Հետագա համագործակցության հիմքերն առավել ամրապնդվեցին հոկտեմբերի 26-ին Ստամբուլում կայացած մասնագիտական քննարկման արդյունքում, որին մասնակցեցին ինչպես Մուշում ուսումնասիրության փորձագետները, այնպես էլ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան), Անադոլու Քյուլթյուրի (Թուրքիա), Մշակութային ժառանգության պաշտպանության ընկերության (Թուրքիա) և Հայ ճարտարապետների ու ճարտարագետների ընկերության-ՀԱՅՃԱՐ (Թուրքիա) ներկայացուցիչները։
Ուսումնասիրության արդյունքները կտպագրվեն Անկարայում Նորվեգիայի դեսպանատան աջակցությամբ և զեկույցի տեսքով կնարկայացվեն հանրությանը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |