Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Մամլո հաղորդագրություն. «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հանրային ներկայացում։
18.07.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական ասամբլեա, Սիվիլիթաս հիմնադրամ
Հուլիսի 18, 2014 թ., Երևան: Սույն թվականի հուլիսի 18-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի hանրային ներկայացումը։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան հանդես եկավ ողջույնի խոսքով, մասնավորապես նշելով. «ԵՄ-ն մեծապես սատարում է ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը և ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը երկարատև ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերությունների կարգավորման և վերջնական հաշտեցման համար»։

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Սիվիլիթաս հիմնադրամից Աննա Շահնազարյանը և Թուրքիայի Հրանտ Դինք հիմնադրամը ներկայացնող, ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը քաղաքացիական հասարակությանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկատվություն տրամադրեցին ծրագրի տարբեր բաղկացուցիչների, հետագա պլանների, շահառուների, ձեռքբերումների և սպասվող աշխատանքների վերաբերյալ:

 

Ծրագրի առաջին վեց ամիսների ամենանշանակալից ձեռքբերումներից են. երկու երկրներից ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացված 57 առաջարկներ, ավելի քան 380 հայտեր ճանապարհորդական դրամաշնորհների համար, 88 կազմակերպություն, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել հյուրընկալելու հարևան երկրից մասնագետների, ինչպես նաև ավելի քան 60 համատեղ մշակված ֆիլմերի նախագծեր, ինչն անկասկած երկու երկրների հասարակություններում երկխոսության հանդեպ նշանակալի հետաքրքրության ցուցանիշ է։

 

Բանախոսներն անդրադարձան սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական զարգացումներին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Գևորգ Տեր-Գաբրիելյանն առանձնացրեց երկու երկրներում քաղաքացիական հասարակության աճող դերակատարությունը վստահության մթնոլորտ ձևավորելու և տնտեսական, մարդկային կապերը զարգացնելու գործում: «Թուրքիայի մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն քաղաքացի օրեցօր կառուցում է քաղաքացիական հասարակություն, զարգացնում ժողովրդավարությունը: Սա նաև ընդգրկում է անցյալի վերաիմաստավորման և ազգային հիշողության բացերը լրացնելու փորձեր: Շատ շատերն իմանում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ողբերգական իրադարձությունների, ցեղասպանության մասին և փորձում առերեսվել իրենց պատմության հետ, որը հաճախ իրենց ընտանեկան պատմությունն է: Մեր ծրագիրը ևս նման մի նշանակալի հնարավորություն է ընձեռում մարդկանց: Միաժամանակ հայերն էլ պատկերացում են կազմում ժամանակակից Թուրքիայի բնակիչների մասին և հաղթահարում «սատանայի կերպարը», որ շատերն ունեն հարևան ժողովրդի վերաբերյալ»:

 

Ռիչարդ Գիրագոսյանը կիսվեց «կարգավորման» գործընթացի իր տեսլականով և ներկայացրեց Թուրքիայում իր վերջին շրջանի գործունեությունը, այդ թվում ընդարձակ հանդիպումները թուրք պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների հետ: Գիրագոսյանը նշեց. «Թեև փոխհարաբերությունները որոշ չափով պայմանավորված են Թուրքիայի ներքին քաղաքականությամբ, այդուհանդերձ Թուրքիայի կողմից կարելի է նկատել նոր մոտեցումներ և ուղղություններ»։ Այնուհետև նա ավելացրեց. «Թուրքիայի արտաքին քաղաքականության անհաջողությունների լույսի ներքո Հայաստանի հետ հարաբերությունների հավանական առաջընթացը Թուրքիային կարևոր հնարավորություն է տալիս որոշակի հաջողության հասնելու, հատկապես անվտանգության փոփոխվող միջավայրում, որը պայմանավորված է Միջին Արևելքի և Ուկրաինայի անկայունությամբ»:

 

Նա նմանապես կարևորեց, որ Հայաստանի հետ երկարատև փակ սահմանների բացումը Թուրքիային հնարավորություն կընձեռի արդյունավետ ձևով տնտեսապես կայունացնել քրդական շրջանները՝ ուժեղացնելով Թուրքիայի կողմից այսպես կոչված «Քրդական նախաձեռնությունը», որն իրենից ենթադրում է բանակցությունների մեջ մտնել քուրդ առաջնորդների հետ:

 

Բուրջու Բեջերմենը խոսեց Թուրքիայում ծրագրի նկատմամբ ունեցած ընկալումներից՝ նշելով հետևյալը. «Թուրքիայում անհատները, հասարակական կազմակերպությունները տարբեր ոլորտներից և տարբեր շրջաններից մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ, մասնակցել են տեղեկատվական հանդիպումներին և կապվել մեզ հետ՝ ծրագրի աշխատանքներում ներգրավվելու համար, որի միջոցով նրանք կարող են ճանապարհորդել Հայաստան, ծանոթանալ իրենց հարևանների հետ, ինչպես նաև ճանաչել մարդկանց և նրանց մշակույթը։ Հաշվի առնելով Թուրքիայի նախաձեռնությամբ փակ սահմանների հանգամանքը, ինչպես նաև Թուրքիայի բնակչության իրազեկության ցածր մակարդակը՝ այս պահաջարկը խոսում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կողմ է հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

 

Ծրագիրն իրականացնող կոնսորցիումը 2015թ.-ի ամռան սկզբին Երևանում և Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ կողմերին կներկայացնի ծրագրի հետագա ձեռքբերումները և քաղված դասերը։

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

«Աջակցություն Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին» ծրագիրը  ֆինանսավորվում

 է Եվրոպական Միության կողմից:

Օրացույց
Հոկտեմբեր
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր