Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայտնի են «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաղթող թիմը և լավագույնները՝ 3 անվանակարգում
12.11.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Նոյեմբերի 9-ին Գյումրիի Տեխնոպարկում (հասցե՝ ք. Գյումրի, Գայի 1) տեղի ունեցավ տարվա ամենաինքնատիպ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի միջոցառումներից մեկի՝ «ԻննոՈւիքենդ» (InnoWeekend) միջոցառումների շարքի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին ժյուրիի գնահատման արդյունքները: Մեկ հարկի տակ և մեկ խորագրի ներքո համախմբված 3 միջոցառումներից էր նաև «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ը, որի շրջանակներում առանձնացվեցին 2 լավագույն գաղափար ներկայացրած թիմերը, լավագույն թիմ և լավագույն ներկայացում անվանակարգում հաղթած թիմը և ի վերջո  «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաղթող թիմը: Բոլոր անվանակարգերով հաղթողները ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ: 

 

Լավագույն գաղափար անվանակարգում  ընտրվեց երկու թիմ՝ «Seeing hands» և «Home Planning»: Թիմերը նախագծի հովանավոր «Iab Center»-ի կողմից ստացան «Նախագծերի կառավարում» դասընթացի 50% զեղչի արտոնություն:

 

«ChocoLove» գաղափարի հեղինակները համարվեցին «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» լավագույն թիմը, որի կողմից գաղափարի ներկայացումը նույնպես արժանացավ հատուկ գնահատանքի, ինչպես նաև գրավեց  կայացած ձեռնարկատերերի, ներդրողների հետաքրքրությունը: Այս թիմի անդամները կկարողանան մասնակցել «Նախագծերի կառավարում» դասընթացին 70% զեղչով:

 

Եվ վերջապես «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաղթող թիմ ճանաչվեց  «WeCloud»-ը, որը «ԻննոՈւիքենդի» կողմից ստացավ 1000$ մրցանակ, ծրագրի ստամբուլյան փուլին մասնակցելու իրավունք, ինչպես նաև «Iab Center»-ի դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն:

 

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդն» «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներցների փոխայցելություն» նախագծի կենտրոնական միջոցառումներից մեկն էր, որին  մասնակցեց բաց մրցույթով ընտրված շուրջ 30 սկսնակ ձեռներեց Հայաստանից եւ Թուրքիայից:

 

Միջոցառման հատուկ հյուրերն էին  ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներ, գործարարներ և ՏՀՏ ոլորտի այլ մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից, ներդրող Սիլկոնյան հովտից:

 

«Սթարթափ ուիքենդը» տեղի ունեցավ նոյեմբերի 7-9-ին Երևանում և Գյումրիում՝ Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի «Ձեռներեցների դասընթացին» (Armenia FTW) զուգընթաց՝ «ԻննոՈւիքենդ» տարածաշրջանային միջոցառման շրջանակում:

 

Փակման արարողությանը խոսքով հանդես եկավ  նախագծի կազմակերպիչ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, ով ասաց. ««Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը» բացառիկ է իր ձևաչափով, քանի որ այն առաջին նմանատիպ միջոցառումն է, որ տեղի է ունենում երկու երկրների միջև: Աննախադեպ է նաև միջոլորտային փոխանակման նման փորձը, որի շրջանակներում ավելի քան 30 մասնակցից բաղկացած պատվիրակությունը Թուրքիայից այցելեց Հայաստան: Նոր և համարձակ քայլ էր դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմաններով երկրների ներկայացուցիչների «Սթարթափ ուքիենդ»-ի շուրջ համախմբելը:  Միջոցառման հաջող ընթացքը և մասնակիցների՝ միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը կարող է նախատիպային դառնալ»:

 

Այս կապակցությամբ «Սթարթափ ուիքենդի» համակարգող Էջե Կասապը նշեց, որ թեև դա իր տասներորդ «Սթարթափ ուիքենդն» էր, այնուամենայնիվ ամենատպավորիչներից մեկն էր:

 

Ընտրված լավագույն 6 գաղափարների շուրջ ձևավորված թիմերում միավորվել էին մասնակիցներ թե՛ Հայաստանից և թե՛ Թուրքիայից, որոնք  համատեղ աշխատեցին ավելի քան 24 ժամ՝  կյանքի կոչելով նախնական մտահղացումը:

 

Գաղափարների լրամշակման հարցում մասնակիցներին օգնում էին մենթորները, որոնք ամբողջ ընթացքում թիմերին օգնում էին տեխնիկական և բիզնես բնույթի խորհուրդներով:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Հայաստանից, Թուրքիայից և ԱՄՆ-ից կայացած ձեռնարկատերերի հետ քննարկումների, հարց ու պատասխանների:

 

Ծրագրի համակազմակերպիչ Թուրքիայի ՏԵՊԱՎ ընկերության ներկայացուցիչ Ուսալ Սահբազի խոսքով սա դեռ միայն սկիզբ է, իրենք ցանկանում են շարունակել հայաստանյան ՏՀՏ ոլորտում բացահայտումներ անել. «Որոշ ներդրողներ Սիլիկոնյան հովտից և Թուրքիայից արդեն իսկ ցանկություն են հայտնել շարունակել թիմերի հետ աշխատանքը՝ մենթորության կամ հետագա հնարավոր ներդրումների տեսքով»:

 

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հանդեպ մեծ էր հետաքրքրությունը ոչ միայն մասնակիցների կողմից: Աշխատանքային պրոցեսի ընթացքում եղան բազմաթիվ այցելություններ բարձրաստիճան անձանց և լրագրողների կողմից:

 

Մասնավորապես Հայաստանից և Թուրքիայից մասնակիցների համատեղ աշխատանքներին ծանոթանալու եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մասնակիցները ոչ միայն դեսպանի հետ անմիջական զրույցի բռնվելու, իրենց մտահղացումների մասին պատմելու հնարավորություն ունեցան, այլև հասցրեցին սելֆի անել պարոն Հեֆերնի հետ: Դատելով թվիթերյան անձնական հաշվում «ԻննոՈւիքենդ»-ի կապակցությամբ արած թվիթերի և ռեթվիթերի քանակից՝ կարելի է ենթադրել, որ դեսպան Ջոն Հեֆերնն ինքն էլ տպավորված էր միջոցառումներով:

 

Սթարթափ-ուիքենդցիներին այցելեցին նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության պատվիրակության ներկայացուցիչները:

 

Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողի կարծիքով ընտրված բոլոր վեց գաղափարները շատ հետաքրքիր էին, և մասնակիցները միայն մի փոքր հղկվելու, մենթորների հետ աշխատելու կարիք ունեն:

 

Մրցանակային տեղերի արժանացած թիմերից «Home Planning»-ի տեսլականը տնային և օֆիսային ինտերիերի օնլայն ձևավորումն է: Թիմը կարծում է, որ տան պլանավորման օնլայն տարբերակը կարող է մեծ հաջողություն ունենալ, եթե հաշվի առնենք, որ հայաստանցիների մեծ մասը չի դիմում դիզայներ մասնագետների ծառայության՝ վերջինիս ոչ մատչելի լինելու պատճառով: ­

 

«Seeing Hands» թիմի մասնակիցների գաղափարի առանձնահատկությունն այն է, որ նրանք առաջարկում են մերսման սրահ բացել, որտեղ մերսող թերապևտները կլինեն տեսողական խնդիրներ ունեցող անձինք: Թիմն այսպիսով բարձրաձայնում է տեսողական խնդիրներով անձանց աշխատանք գտնելու դժվարությունները և ընդգծում այս ոլորտում նրանց ունեցած առավելությունները, քանի որ նման մարդկանց ձեռքերը գերզգայուն են և կարող են գոհացնել անգամ ամենապահանջկոտ հաճախորդներին: «Seeing Hands»-ն արդեն իսկ մերսման կենտրոններ ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերել Թուֆենքյան հյուրանոցի և «Օրանժ Արմենիա» ընկերությունների հետ:

 

«Սթարթափ ուիքենդին» մասնակցած ամենավառ թիմերից մեկը «ChocoLove»-ն էր, որը «կույր հանդիպումների» մոդել առաջարկեց: Ի տարբերություն ծանոթացումների այլ նմանատիպ կայքերի՝ իրենք շեշտը դնում են ոչ թե արտաքինի կամ ունեցվածքի վրա, այլ համարձակության, ընդհանուր նախասիրությունների՝ շոկոլադ սիրելու հանգամանքի վրա: Տեխնիկապես «կույր հանդիպումներն» իրականցվելու են շոկոլադների տուփերի վրա տեղակայված QR կոդերի միջոցով. որքան շատ գնումներ անեք, այնքան շատ կտարածեն Ձեր անձնական հաշվի QR կոդը: «ChocoLove»-ը նախատեսում է իրենց մոբայլ հավելումն առաջարկել օգտատերերին միանգամայն անվճար և առանց նյարդայինացնող գովազդների:

 

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաղթող թիմը՝ «WeCloud»-ը նախագծի հիմքում դրել է մեր օրերում ամենամեծ պահանջարկ վայելող ամպային տեխնոլոգիան: Հեղինակներն առաջարկում են   օգտատերերից գնել կամ վարձակալել իրենց համակարգիչների չօգտագործվող ազատ հիշողությունը՝ տարբեր ընկերությունների վաճառելու/ժամանակավոր տրամադրելու համար: Թիմը վստահեցնում է, որ կկարողանա տասը անգամ ավելի մեծ անվտանգության երաշխիք տրամադրել, քան նմանատիպ ծառայություններ մատուցող ցանկացած այլ ընկերություն:

 

«ԻննոՈւիքենդ»-ի փակման պաշտոնական արարողության ժամանակ «Սթարթափ ուիքենդի» արդյունքների մասին, ամփոփիչ խոսքով հանդես գալով, ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց. «Մենք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ հանդես կգանք ծրագրի շարունակություն կազմող նոր նախաձեռնությամբ, որի շրջանակներում երկու սթարթափ Հայաստանից և ևս երկուսը Թուրքիայից հնարավորություն կունենան մասնակցելու ինտենսիվ դասընթացի: Դասընթացի շրջանակներում նրանց հետ կաշխատեն աքսելերատորներ և մենթորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից»:

Տեսանյութեր
«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» փակման արարողություն
Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր