ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ստամբուլում 2017թ.-ի հուլիսի 20-21-ը փորձի փոխանակման և կապերի հաստատման նոր հնարավորությունների փուլ մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի զարգացող հրեշտակ ներդրողների համայնքների միջեւ:
«Սա մի քայլ առաջ գնալու և հայաստանյան ներդրողներին եւ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ստամբուլաբնակ աքսելերատորների, ներդրումային ընկերությունների ու ինկուբատորների ներկայացուցիչներին համախմբելու նպատակ էր հետապնդում՝ նպաստելով երկու երկրների ներդրումային կապերի զարգացմանը», - նախաձեռնության նպատակների և անելիքների մասին մանրամասնում է ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը:
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) նախափեռնությամբ հայաստանյան պատվիրակությունն իր Ստամբուլյան այցի ժամանակ անհատական հանդիպումներ ունեցավ Թուրքիայի ՏՀՏ ոլորտի առաջատարների հետ. «Koc Incubation Center»-ը, «Galata Business Angels»-ը, «BIC Angels-»ը, «212 VC», «Revo Capital»-ը, «Istanbul Startup Angels»-ը Ստամբուլի հեղինակավոր և հաջողությամբ զարգացող հրեշտակ ներդրողների ցանցերից եւ ՏՀՏ ոլորտի ինկուբացիոն կենտրոններից են, որոնց ներկայացուցիչները, համահիմնադիրներն ու ղեկավարները ներկայացրին իրենց անցած ճանապարհն ու զարգացման խնդիրներն ու հնարավոր համագործակցության հեռանկարները:
Մասնավորապես՝ «212 VC» վենչուրային հիմնադրամի համահիմնադիր Նյուման Նյումանը նշեց, որ իրենց հիմնադրամի հաջորդ ներդրումային փուլը Թուրքիայից բացի նաեւ ներառելու է հարեւան երկրները:
Հայաստանյան պատվիրակության կազմում ընգրկված էին Աշոտ Արզումանյանը, SmartgateVC-ի գործընկեր, Խեսուս Լոսանոն՝ Ձեռնարկատեր, Silicon Seed, Արեգ Գևորգյանը՝ Բիզնեսի զարգացման ղեկավար «Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների» կենտրոնում, Արամ Քեռյանը՝ Գործառնական ղեկավար Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրության նորարարության կենտրոնում (EPIC):
Ձեռնարկատեր Խեսուս Լոսանոյի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերը շատ նման են, այնպես որ խիստ հետաքրքրական կլիներ հասկանալ, թե ինչպես են իրենք իրենց առջև դրված խնդիրները լուծել, քանի որ առաջիկա երկու տարվա ընթացքում համանման մարտահրավերներ սպասվում են նաև Հայաստանին:
«Մեր այս այցելության ժամանակ մենք բացի փորձի փոխանակումից, Թուրքիայի՝ բիզնես հրեշտակների ցանցերի փորձին ծանոթանալուց նպատակ ունեինք նաեւ Ստամբուլահայ բիզնեսմենների, ՏՏ ոլորտում հաջողության հասած ստամբուլահայերի հետ կիսել Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողության պատմությունները՝ նրանց հայացքը, ներդրումային հետաքրքրությունները դեպի Հայաստանյան ՏՏ ոլորտ ուղղելու նպատակով»,- նշեց ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը:
Ստամբուլում հուլիսի 20-ին անցկացվեց իր տեսակով բացառիկ ընդունելություն-երեկույթ՝ ուղղված Հայաստանից և Թուրքիայից ներդրողների կապերի խթանմանը, որին մասնակցեցին Ստամբուլում գործող վենչուրային հիմնադրամների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, ինչպես նաեւ տեղացի ստամբուլահայ գործարարներ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան իմանալ ավելին ՏՏ ոլորտում հայաստանյան ներդրումային միջավայրի մասին, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում, ինչն էլ իր հերթին հնարավորություն ընձեռեց հետագա հնարավոր ներդրումների համար դիտարկել հայկական ՏՀՏ էկոհամակարգը:
Հայաստանյան պատվիրակության անդամ SmartgateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը շատ տպավորված է ստամբուլահայերի հետ հանդիպումից. «Ինձ համար հայտանաբերեցի լրիվ նոր աշխարհ: Հանդիպումներիս առանցքում այն կարևոր գաղափարն էր, որ Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիաներն են, ուստի ամբողջ հայությամբ պետք է համախմբվենք այդ գաղափարի շուրջ և մեր ներդրումն ունենանք զարգացման մեջ: Թուրքական ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներն էլ շատ հետաքրքիր էին: Հայաստանի հետ համեմատության մեջ Թուրքիան մոտ 3 տարի է առաջ մեզնից: Որոշ ոլորտներում ունի բնական առավելություններ (հատկապես e-commerce՝ պայմանավորված տեղական մեծ շուկայով), սակայն մենք էլ ավելի առաջ ենք բարձր տեխնոլոգիական ձեռներեցության մասով»:
Ընդունելություն-երեկույթի ընթացքում Հայաստանի պատվիրակները հանդես եկան համառոտ ելույթներով՝ Հայաստանի նորարարական եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի, դրա առաջխաղացման եւ ապագայի, ինչպես նաեւ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:
HotelRunner սթարթափի հիմնադիր, գործադիր տնօրեն Արդեն Հակոբյանը, ով բնակվում է Ստամբուլում, նշեց, որ նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր հանդիպելու Հայաստանից և Թուրքիայից ոլորտին առնչվող ազդեցիկ մարդկանց և մեծացնելու անձնական կապերը. «Ինչն ինձ կարող է օգնել իմ բիզնեսն ընդլայնելու տեսանկյունից: Միջոցառումն ինձ նաև հնարավորություն տվեց ավելին իմանալ Հայաստանում բիզնես վարելու, ինչպես նաև միջսահմանային համագործակցության համար»:
Խեսուս Լոսանոն իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանը ներդրողների համար հետաքրքրական դարձնող մի շարք հանգամանքների, ինչպես օրինակ՝ «Ի՞նչն է Հայաստանը դարձնում զարմանալի ինժիներների երկիր», «Հայ ինժիներների դերը Խորհրդային միությունում և ամբողջ աշխարհում», «Ինչո՞ւ ներդրումներ անել Հայաստանում» և այլն:
«Հայկական ՏՏ-ն և առաջատար տեխնոլոգիաները. նոր հեռանկարներ» թեմային անդրադարձավ Արեգ Գևորգյանը, առանձնացնելով ՏՏ ոլորտի երիտասարդ սերնդի ձեռքբերումները, կրթական ենթակառուցվածքը, ներդրումային հնարավորությունները:
Աշոտ Արզումանյանի «Թող ներդրում անելը իմաստալից լինի» զեկույցի առանցքում հայկական ՏՏ ոլորտի հաջողության պատմություններն էին, տաղանդավոր սթարթափերները և այն մասնավոր ոլորտները, որոնցում հայկայան ՏՏ-ն էական առաջընթաց և ձեռքբերումներ է գրանցել:
Թուրքիայի ԱԺ պատգամավոր Սելինե Դողանը, ով միջոցառման մասնակիցների թվում էր, նշեց, որ աջակցում է գաղափարին և իր գործունեությամբ պատրաստ է խթանել համագործակցությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնությանը:
Ստամբուլյան այցին նախորդել էր մայիսին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառումը:
Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը և կայունության հաստատմանը, ժողովրդավարական բազմակարծությանը, ինչպես նաև սոցիալական ներգրավվածությանը հասարակությունների միջև և ներսում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |