ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
2014. Նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին՝ «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով քննարկմամբ մեկնարեց «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի առաջին՝ հայաստանյան փուլը: Կլոր սեղան-քննարկման նպատակն է Թուրքիայի գործընկերներին ծանոթացնել հայաստանյան Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների դաշտին և դիտարկել համագործակցության հնարավորությունները: Քննարկումը նախատեսված է անցկացնել Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի ՎԻՊ սրահում (հասցե՝ Երեւան, Մ. Խորենացու փող. 15):
Քննարկմանը մասնակցեցին ավելի քան 60 կայացած ձեռներեցներ, ներդրողներ, փորձագետներ և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև սթարթափերներ ներկայացնող երիտասարդ ձեռներեցներ Հայաստանից, Թուրքիայից և ԱՄՆ-ից:
Միջոցառումը բացեցին և ողջույնի խոսքով հանդես եկան նախագիծն իրականացնող կազամակերպությունների ղեկավարները՝ «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» (ՏԵՊԱՎ, Թուրքիա) ներկայացուցիչ Ուսալ Սահբազը:
Սեդա Մուրադյանն ասաց. «Սա առաջին մեծամասշտաբ միջոլորտային փոխանակման ծրագիրն է, և մենք հույս ունենք, որ այն հետագա համագործակցության համար հիմք կհանդիսանա: Մենք փորձում ենք ստեղծել «մարդկային կամուրջ» այս ոլորտների միջև և խթանել հարևան երկրների միջև ձեռներեցության էկոհամակարգի հանդեպ հետաքրքրությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային ինտեգրման բարելավմանը»:
Ուսալ Սահբազը նշեց. «Տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցները աշխարհի բոլոր անկյուններում նույն լեզվով են խոսում: Նրանք փորձում են, ձախողում և կրկին փորձում: Մեր պատվիրակությունն առաջինն է, որ փորձում է Հայաստանի և Թուրքիայի միջև մասնագետների փոխանակման նոր հնարավորություն ստեղծել: Մենք հպարտ ենք, որ երբևէ Թուրքիայից Հայաստան ժամանած ձեռներեցների ամենամեծ խումբն ենք: Մենք ակնկալում ենք, որ այս այցելությունը նոր համագործակցությունների ուղի կբացի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով սահմանի երկու կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը»:
Մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսք հղեցին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Տրայան Հրիսթեանը ընդգծեց ԵՄ-ի աջակցությունը քաղաքացիական-հասարակական նախաձեռնություններին՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության և շփման միջոցով հարաբերությունների կարգավորմանը. «Այս փոխանակման ծրագիրը նորություն է միտված միավորելու երկու երկրների նորագույն տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռնարկատերերին, ներդրողներին, գործարարներին և սթարթափերին, և այն առաջին միջոլորտային փոխանակման հնարավորությունն է»:
Դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը և Թուրքիան հանդես են գալիս նմանատիպ համագործակցությամբ, և որ այդ նախագիծն իրականացվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ աջակցությամբ. «Մասնակիցները կարող են վառ ապացույցը դառնալ այն բանի, որ նմանություններն, ընդհանրություններն իրականում ավելի շատ են, քան կարելի է ենթադրել»:
Քննարկումը կազմակերպվեց երկու թեմատիկ խմբերում: Առաջինի քննարկումը ներկայացրեց Հայաստանում ՏՀՏ ոլորտը, ներուժը, պետական և միջազգային աջակցության ծրագրերը, իսկ երկրորդ քննարկումը դիտարկեց ՏՀՏ-ի ընձեռած հնարավորությունները և առնչությունը կրթությանը, սոցիալական ձեռներեցությանը, պատասխանատվությանը և այլ հարցերին: Ելույթներով հանդես եկան Հայաստանից՝ Կարեն Վարդանյանը`«Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության» տնօրեն, Բագրատ Ենգիբարյանը` «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն, Մանուկ Հերգնյանը` «Գրանատուս Վենչուր»-ի կառավարող գործընկեր, Եվա Հյուսյանը՝ «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի ղեկավար, Նազարեթ Սեֆերյանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ, Մարինա Մխիթարյանը՝ ՄԱԶԾ–ի «Կոլբա նորարարական լաբորատորիայի» ղեկավար, Սերոբ Խաչատրյանը` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս և կրթական հարցերով խորհրդատու և Արտաշես Վարդանյանը` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» Աքսելերացիա ծրագրի ղեկավար:
Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչներ Նյուման Նյումանը («212»-ի տնօրեն) և Էրհան Էրկուտը (MEF համալսարանի փոխռեկտոր և դեկան) նույնպես ելույթներով հանդես եկան միջոցառման ընթացքում:
Կլոր սեղանին մասնակցել են նաև կայացած ձեռներեցներ, ներդրողներ, փորձագետներ և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Թուրքիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև սթարթափներ ներկայացնող երիտասարդ ձեռներեցներ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |